Թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահ­մանված բնապահպանական հարկի գծով բեռը առաջարկվում է նվա­զեց­նել

14:18 • 11.06.18

Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձ­րա­ցել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահ­մանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ առաջարկվում է այն նվա­զեց­նել:  Այս հարցը ներառված է կառավարության այսօրվա արտահերթ նիստին քննարկվելիք նախագծերի փաթեթում:

Ըստ այդմ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախ­վածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլև ավտո­մե­քենայի արտադ­րու­թյան տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա­պահ­պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագ­րերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտա­հան­ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ­քում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատա­րող ֆիզի­կա­կան անձանց վճարվող եկամուտների հարկում՝ 13 տոկոս դրույքաչափով), քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ­ների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռնել, որպեսզի հարկ վճա­րող­ները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն­յալ համա­կար­գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը:

Ըստ հիմնավորման` առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները ՀՀ մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրն այն է, որ ճանապարհային հարկի վճա­րու­մից խուսափելու համար իրանա­կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածք, ինչի արդ­յուն­քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռ­նա­թա­փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

«Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույ­քա­հարկի ներդրումը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչև այդ շարու­նա­կե­լով կիրա­­ռել գույքահարկի և հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ այն է, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաս­տա­կան աշխատանք­ների կատարում Կադաստրի պետական կոմիտեի և տեղական ինքնա­կա­ռա­վարման մար­մին­ների կողմից: «Բացի այդ նախատեսում ենք հանդես գալ գույքային հար­կերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետևաբար նպատա­կա­հարմար է 2020 թվա­կանի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառու­թյունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով»,-ասված է նախագծում:

Նաև առաջարկվում է տրանսֆերային գնագոյացման համակարգի կիրառությունը հետա­­ձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել և ընդու­նել այս համա­կարգի կիրառությունն ապահովող՝ կառավարության մի շարք որոշում­ների նախագծեր, և երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանս­ֆե­րա­յին գնագոյացման համակարգերի կիրառությունը բավականին բարդ գործ­ընթաց է անգամ զար­գացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահան­ջում է հարկային մարմնի և տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագիտական ու ինստիտու­ցիո­նալ կարողություններ:

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորություն­ների կատար­ման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռնի կրճատել հարկերի վճար­ման գործըն­թացի վրա ծախսվող ժամանակը: