«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է

11:05 • 17.06.18

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը չի բավարարել։

Այս մասին Tert.ma-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ղազարյանի պաշտպան Աշոտ Գևորգյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց Աշոտ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, խափանման միջոց չի ընտրվել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք,որ Աշոտ Ղազարյանը ձերբակալվել էր հունիսի 14-ին։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հավելենք, որ ԱԱԾ-ը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»: