Արթուր Ասատրյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանին (հայտնի որպես Դոն Պիպո) կալանավորելու մերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձերի առևանգումը և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝մի խումբ անձանց կողմից հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:
Նշենք, որ ԱԱԾ-ն 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում երկու տարբեր քրեական գործերով միաժամանակ իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ էին իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:










