Առաջիկայում տեղեկություններ կհրապարակվեն «Մարտի 1»-ի գործով. ՀՀ գլխավոր դատախազ

15:10 • 19.06.18

Մենք առաջիկայում մեր ունեցած տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, կհրապարկենք, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

Գլխավոր դատախազը շեշտեց, որ երբ լինեն իրական արդյունքներ՝ քրեական գործի հետ կապված, կհրապարակվեն։ 

Անդրադռանալով հարցին՝ «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնյաներ հնարավոր է ձերբակալվեն՝ դատախազը պատասխանեց. «Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»: Դատախազը հավելեց՝ ակնկալում են  նաև հանրության  աջակաությունն այս հարցում:

Լրագրողները  հետաքրքրվեցին՝ արդյոք նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվեն, գլխավոր դատախազը  պատասխանեց. «Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր՝ որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք, կարվի»,-շեշտեց նա: