Ավստրալիայում քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ)
Ավստրալական Պերտ քաղաքի կենդանաբանական այգում 62 տարեկանում սատկել է աշխարհի ամենատարեց օրանգուտանը: Այս մասին ասվում է հաստատության պաշտոնական կայքում:
Կայքում նշվում է, որ Պուան անունով սումատրական օրանգուտանի էգին քնեցրել են անասնաբույժների զննումից հետո՝ ծերացման հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար էին անդրադառնում կենդանու կյանքի որակի վրա:
«Միշտ բարդ է նման որոշում կայացնել ցանկացած կենդանու վերաբերյալ, սակայն սա ճիշտ որոշում էր ու արժանի ավարտ տարեց տիկնոջ համար», - ասել է կենդանաբանական այգու պրիմատների բաժնի վարիչ Հոլի Թոմփսոնը:
Հաստատությունում նաև նշել են, որ, շնորհիվ որակյալ բուժօգնության Պուանը կարողացել է ապրել 62 տարի, ինչը գերազանցում է բնական պայմաններում նրա տեսակի կյանքի սովորական տևողությունը: Վայրի բնության պայմաններում օրանգուտանները հազվադեպ են ապրում մինչև 50 տարեկանը, նույնիսկ եթե նրանք սպառնալիքների չեն ենթարկվում:
Նշվում է, որ 2016 թվականին Պուանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց սումատրական օրանգուտանն աշխարհում:










