ԵԿՄ-ը պետության մեջ մասնավոր բանակ չէ, որ քիչ թե շատ զենք ունենա, այն պետք է զինաթափվի. Ս. Սաֆարյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է հարցին, թե ինչու պետք է ԱԱԾ պետը բարձրաձայներ իրեն վնասազերծելու մեղադրանքների մասին, թե որ լսարանի համար էին այդ խոսքերը, և ինչ պետք է անի պետությունը ԵԿՄ-ի հետ, որի զինաթափման կոչեր այս օրերին հնչում են:
-Պարոն Սաֆարյան, ԱԱԾ ղեկավարը մի ուշագրավ հայտարարություն արեց ՝ ասելով, որ որոշ խմբեր փորձում են իրեն վնասազերծել ու հավելել, որ թեև նման մտահոգություններ ունի՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, բայց իր ձևակերպմամբ՝ ոչ ոք չի համարձակվի նման բան անել նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ: Որքան էլ նման մտավախություններն իրատեսական լինեն, համաձայնեք, որ նման հայտարարությունը բարձրաձայնելը որոշակի ուղերձներ է պարունակում, այս առումով, որպես քաղաքագետ, ի՞նչ կասեք:
-Քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ խոշոր խմբերի է դիպչել, իհարկե, նման ռիսկ կա: Եվ այս կտրվածքով, այո, կարծում եմ՝ բանականությանը մոտ է արված, որովհետև նման ապօրինի կերպով բոլոր հարստացած խմբավորումները, ովքեր իշխանությունն օգտագործել են թալանելու և պետական հարստությունը յուրացնելու համար, բնական է, որ նման նկրտումներ կունենան: Եվ կարծում եմ՝ բոլոր պետական մարմինները պետք է հավուր պատշաճի պաշտպանեն և՛ վարչապետի, և՛մյուս պաշտոնյաների, և՛ մնացածի անվտանգությունը:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ԱԱԾ պետի ասածը ներքին լսարանի համար էր, թե արտաքին:
-Նման ենթադրություններ չեմ կարող անել, թեև չեմ էլ կարող բացառել, որովեհտև չի կարելի բացառել, որ ներքին խմբերը փորձ անեն նաև սա արտաքին խողովակներով կազմակերպել: Հիշենք Նաիրի Հունանյանի դեպքը.Ղրիմում իր համար խոպան գնացած ինչ-որ մեկը, որը, չգիտես ինչու, հանկարծ որոշեց «ինքնազոհողության» գնալ: Կազմակերպելը հեշտ է. փողն ունեն, զինանոցն ունեն, ինչպես տեսնում եք:
-Հիմնական մեղադրանքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ զինվորի բաժինը՝ զինվորի «տուշոնկան», յուրացնելն է ու ապրիլյան պատերազմից հետո թալանելն էր, նաև ապօրինի հարստացումը՝ կիլոներով սեփականության վկայականներ, ավտոպարկեր և այլն: Բայց Դուք ընդգծում եք զենք-զինամթերքը: Հնարավո՞ր է, որ նման կասկածներ կային իրավապահների մոտ:
-Իհարկե, հնարավոր է, և ես չեմ կարծում, որ նման բան ունի միայն Մանվել Գրիգորյանը: Ես պատկերացնում եմ, որ նման բաներ ունեն գրեթե բոլոր օլիգարխները: Ինչ վերաբերում է Ձեր մյուս պնդմանը, չէի ասի. և՛ դատախազությունը, և՛ ԱԱԾ-ն չափազանց լուրջ քանակությամբ զենք-զինամթերք՝ զինատեսակներ ներկայացրին:
-Նաև հնչում են տեսակետներ, որ ԵԿՄ-ն, որպես հասարակական կազմակերպություն, չի կարող այդքան զենք ունենալ:
-Ընդհանրապես պետք է զինաթափվի, զենք չպետք է գոյություն ունենա: Ես չգիտեմ՝ինչու պետք է ունենա, իրենց գոյության կոնցեպցիան այն է եղել, որ զենք ստանան, գնան ստանան և գնան ճակատ, ոչ թե զենքներն իրենց տներում պահեն: Ով է ասել, որ իրենք շատ ու քիչ զենք ունենան, իրենք ընդհանրապես պետք է զենք չունենան: Որևէ մեկը չպետք է զենք ունենա, և նորից եմ ասում՝ ԵԿՄ-ն ռեզերվի տեսակ է, լավագույն դեպքում: ԵԿՄ-ն հո պետության մեջ մասնավոր բանակ չէ: Շատ հայրենասեր են, թող գնան, ՊՆ-ից զենքերը ստանան, ինչպես կարգն է, ջոկատները կազմավորեն, գնան և կռվեն: Ո՞վ է տեսել նման խելահեղություն:










