ՀՀ-ին աջակցությունը մեծացնելու վերաբերյալ կոնգրեսականների՝ Պոմպեոյին ուղղված նամակը լուրջ է, որին լուրջ պատասխան պետք է հետևի․ Սուրեն Սարգսյան

20:46 • 19.06.18

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ դժվար է ասել, թե արդյոք ԱՄՆ կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակի արդյունքում Հայաստանին նոր աջակցության փաթեթ կտրվի, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հետևում է ներհայաստանյան իրադարձություններին և որոշակի ազդակներ կուղարկի:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ այլ երկրներին նախատեսվող աջակցության չափը ԱՄՆ-ն արդել նախատեսել է, պետք է հասկանալ՝ արդյոք հնարավորություն կա հիմա փոփոխություններ կատարելու արդեն իսկ նախատեսված բյուջեով:

«Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ծրագրերի համար են նրանք դիմել, ինչ կոնկրետ ծրագրով են ցանկանում Հայաստանին աջակցել, բայց Պոմպեոյի արձագանքից արդեն ամեն ինչ պարզ կլինի, իսկ նա կպատասխանի, հատկապես որ նրան դիմում են 25 կոնգրեսականներ: Պետդեպարտամենտի պատասխանից պարզ կլինի, թե ինչ տրամադրվածություն ունի Թրամփի վարչակազմը՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 25 կոնգրեսականներ նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ նշելով․«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին», - ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իրենց նամակում ասում են Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով՝ ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն՝ «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը և Հայաստանի ողջ բնույթը»:

Միացյալ Նահանգները, ըստ Սուրեն Սարգսյանի, գերտերություն է, և բնական է՝ հետաքրքրված կլինի բոլոր տարածաշրջաններում և երկրներում տեղի ունեցածով: Նրա խոսքով՝  այդ մասին ազդակներ շատ ենք ստանում, ապա հիշատակեց՝  «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրին Հայաստանի՝ մասնակցելու վերաբերյալ պետքարտուղար Մայք Պոմպեոն հստակ ազդակ արդեն ուղարկել է:

«Ազդակներ եղել են և պարբերաբար լինում են, և մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատանք տանել Միացյալ Նահագների հետ, որպեսզի բավարարենք պահանջները, օրինակ՝ «Հարզարամյակների մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու համար: Ես չեմ բացառում, որ լինեն այլ ծրագրեր, որին Հայաստանը մասնակցի»,- ասաց նա:

Արդյո՞ք 25 կոնգրեսականը լուրջ թիվ է ԱՄՆ ղեկավարության վրա ազդեցություն գործելու համար, Սուրեն Սարգսյանի խոսքով՝  անգամ մեկ կոնգրեսականը կարող է ազդեցություն ունենալ․ «Միացյալ Նահանգների իրավական դաշտը լուրջ լիազորություններ է տալիս Կոնգրեսին՝ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու և այլ  հարցերում:  Այդ տեսանկյունից, կոնգրեսականների նամակը լուրջ նամակ է, որին լուրջ պատասխան պետք է հետևի»,- ասաց նա:

Ամերիկայի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահեու վերաբերյալ էլ Սուրեն Սարգսյանն ասաց՝ ունենք բոլոր հնարավորությունները, պարզապես պետք է համակարգված աշխատանք տանենք:

«Համակարգված աշխատանքի անհրաժեշտություն կա: Բոլոր նախադրյալները, ամեն տեսակի ռեսուրսները դրա համար կան, պետք է  համախմբվեն, և այդ դեպքում հաջողություն կունենանք»,- ասաց նա: