Ինչ վնաս է տվել կոռուպցիան Հայաստանի շրջակա միջավայրին. France 24-ի անդրադարձը (տեսանյութ)

14:50 • 19.06.18

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքն իր «Focus» հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանի հանքարդյունաբերությանը։ Ռեպորտաժը վերնագրվել է «Ինչ վնաս է տվել կոռուպցիան Հայաստանի շրջակա միջավայրին»:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանում ընդդիմադիր ցույցերը ստիպեցին Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Բողոքի շարժման հիմքում էր լայնածավալ կոռուպցիայի դեմ մարդկանց վրդովմունքը:

«Բաց հանքարդյունաբերությունը սպիեր է թողել փոքր երկրի գեղեցիկ բնապատկերի վրա: Կոռուպցիան թույլ է տվել հանքարդյունաբերողներին շրջանցել շրջակա միջավայրի պահպանության կանոնադրությունները և տեղացիների իրավունքները»,- հայտնում է լրատվամիջոցը:

Լրագրողն այցելել է Շնող գյուղ և զրուցել նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվող, իսկ այժմ միայն մեղվապահություն անող Լևոն Ալիխանյանի հետ: Նա պատմել է, որ միայն դա է իրեն մնացել 2009 թվականին իր հողը կորցնելուց հետո: Նա ստիպված է եղել այն վաճառել հանքարդյունաբերող ընկերությանը 20.000 դոլարի դիմաց՝ իր իսկ խոսքով՝ իր հողի իրական արժեքի մեկ քառորդի գնով: Հողի հարկադիր վաճառքը միակ խնդիրը չէր. անցած տարի նրա մեղուների 40 տոկոսը վերացել է: Լևոն Ալիխանյանը մեղադրել է Թեղուտի հանքին, որի պոչամբարի արտահոսքի հետևանքով թունավոր նյութերը լցվել են մոտակայքում հոսող գետը: Լրագրողն այնուհետև պատմում է, թե թունավոր նյութերն ինչ վնաս են հասցնում շրջակայքում մշակվող պտղատու ծառերին:

Լրատվամիջոցը նշում է, որ հանքի պատկանելիությունը տարբեր օֆշորային ընկերությունների միջոցով հայտնի չէ։ Թեև տեղացիների մեծ մասը դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերի, բայց, միևնույն է, շատերը հուսով են, որ իր գործունեությունը դադարեցրած հանքը, միևնույն է, կվերաբացվի, քանի որ այն աշխատատեղեր է տրամադրում տեղացիներին:

Լրագրողը նշում է, որ հարևան Նոյեմբերյանի բնակիչները, սակայն, այլ կերպ են նայում իրավիճակին: Հայկական բնապահպանական ճակատի ակտիվիստների հետ համագործակցությամբ նրանք համախմբվել են շրջակայքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու նպատակներ ունեցող ընկերության դեմ:

Հանքարդյունաբերության դեմ պայքարողները չեն ակնկալում, որ Հայաստանի նոր իշխանություններն ամբողջությամբ կփոխեն երկրի քաղաքականությունը հանքերի հարցում, բայց հուսով են, որ նոր, ավելի ժողովրդավարական իշխանություններն ավելի շատ պատրաստ կլինեն լսել իրենց և հարգել բնապահպանական կարգավորումներով պահանջվող ընթացակարգերը: