Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար մոտ 60 մարդ է ձերբակալվել
Իտալիայի իրավապահները, համագործակցելով իսպանացի գործընկերների հետ, մաֆիայի անդամների դեմ հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 58 մարդ, գրում է РИА Новости գործակալությունը։
Իտալացի կարաբիներների, ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համատեղ գործողությունն իրականացվել է ոչ միայն Հռոմում, այլև Սարդինիայում, Մոլիզե և Պյեմոնտ շրջաններում ու Իսպանիայի տարածքում։
Հայտնի է, որ հանցավոր խմբավորման անդամները կասկածվում են մարդկանց առևանգման, զենքի անօրինական կրման, խարդախության, թմրանյութերի առքուվաճառքի, դրամաշորթության և փողերի լվացման համար։ Նշվում է, որ նրանք հիմնականում գործել են Մոնտեսպակատո թաղամասում։
Ձերբակալվածների վիճակը բարդացնում է նաև նրանց գործունեության՝ մաֆիային հատուկ բնույթը, ինչը իտալական արդարադատության կողմից դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք և սովորաբար հանգեցնում ավելի խիստ դատավճիռների։
Նշվում է, որ իրավապահներին հաջողվել է առգրավել հանցավոր խմբավորման վերահսկողության տակ հայտնված 14 անշարժ գույքի օբյեկտ, 12 առևտրային ձեռնարկություն, տարատեսակ տրանսպորտային միջոցներ և 7 մլն եվրոյի մասնաբաժիններ տարբեր ընկերություններում։










