Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին համառուսաստանյան բողոքի ակցիա է հայտարարել «պուտինյան հանցագործությունների» դեմ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների մասին, հայտնում է vedomosti.ru-ն: Նրա խոսքով՝ ակցիաները տեղի կունենան հուլիսի 1-ին, ակցիաներն արտոնելու դիմումներ են ներկայացվել 20 քաղաքներում:
«Եկեք անկեղծ ասենք. (ՌԴ նախագահ) Պուտինի և (ՌԴ վարչապետ) Մեդվեդևի հեղինակած կենսաթոշակային տարիքի բարձրացումն ամենաիսկական հանցագործություն է: Մի քանի տասնյակ միլիոն մարդկանց սովորական թալան՝ «հասունացած բարեփոխման» անվան տակ: Մենք կբողոքենք դրա դեմ մեր բոլոր ուժերով, և ձեզ էլ նույնն ենք կոչ անում»,- գրել է Նավալնին Instagram-ի իր էջում:
Նրա խոսքով՝ այժմ դիմումներ են ներկայացվել քաղաքներում, որտեղ չեն անցկացվում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը և որտեղ գործում է իրազեկումների տրամադրման ստանդարտ կարգ: Այդ քաղաքների թվում են Նովոսիբիրսկը, Բելգորոդը, Կրասնոյարսկը, Կրասնոդարը, Տոմսկը, Մուրմանսկը, Նովոկուզնեցկը:
«Սա համազգային և համաժողովրդական բողոք է: Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաներին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախընտրություններից»,- գրել է Նավալնին:










