Ակցիայի մասնակիցները Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու պահանջով նամակը հանձնեցին ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչություն (տեսանյութ)

15:27 • 19.06.18

15:52 

Ակցիայի նախաձեռնողներից Արցախյան պատերազմի մասնակից, զոհված ազատամարտիկ Լյովա Կատվալյանի որդին՝ Սաշա Կատվալյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները խորապես ցնցել են հասարակությանը:

«Մենք դեռևս փոքրուց մեծացել ենք այն քարոզի ներքո, որ հերոսացվել են այնպիսի մարդիկ, որոնցից են Մոնթեն, Աշոտ Ղուլյանը (Բեկոր), և նմանատիպ այլ հերոսներ, ու նրանց կողքին ուենալ Մանվել Գրիգորյան անունով հերոս, կարծում եմ՝ մեր համար խայտառակություն է»,-ասաց ակցիայի նախաձեռնողը:  

Հավաքի հիմնական նպատակը, ինչպես ընդգծվեց, բարոյական դաշտում է՝ մասնակիցները նշեցին՝ չեն ուզում ունենալ Մանվել Գրիգորյանի նման հերոս, այսինքն՝ մարդ, որը փաստացի հակահերոս է։ 

Նրանք Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսից զրկելու պահանջով նամակը հանձնեցին Հայաստանում ԼՂ ներկայացուցչություն: 

Նույն պահանջով համացանցում սկսվելու է ստորագրահավաք:

15:27 


Մի խումբ քաղաքացիներ հավաքվել Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց:

Նրանք Արցախի իշխանություններից պահանջում են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։

Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը,  այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։