Թաիլանդում վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացվել
Թաիլանդում 2009 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրականացվել: Այս մասին հայտնում է Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահապատիժն իրականացվել է Բանգկոկի Բանգ Կուանգ բանտում, որտեղ առանձին հատվածում պահում են մահապատժի դատապարտված հանցագործներին:
Նշվում է, որ մահացու ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել Թաիլանդի 26-ամյա քաղաքացի, որին 2012 թվականին դատապարտել են դաժան սպանության համար: Տղամարդը դանակի 24 հարվածով սպանել է 17-ամյա ուսանողի, այնուհետև փախուստի դիմել մահացածի դրամապանակով ու բջջային հեռախոսով:
Սպանությունից ժամեր անց ոստիկանությունը գտել է հանցագործին: Երկրի առաջին ատյանի դատարանը մահապատժի է դատապարտել նրան, այնուհետև վերաքննիչ ու գերագույն դատարանները հաստատել են դատավճիռը:










