Թուրքիայի 31 նահանգում 124 զինվորականի են ձերբակալել
Թուրքիայի 31 նահանգում միաժամանակ ոստիկանական գործողություն է ձեռնարկվել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության համար կասկածվող հարյուրավոր զինվորականների դեմ, գործողության ընթացքում ձերբակալվել է 124 մարդ, գրում է diken.com.tr կայքը։
Հայտնի է, որ ամենաշատ զինվորականները ձերբակալվել են Կոնիա նահանգում։ Նրանց առաջադրվել է զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և նրանց շարքերը նոր կադրերով համալրելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար մեղադրանք։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:










