ԶԼՄ քննադատությանը ջղային ռեակցիան լավ հատկանիշ չէ պաշտոնյայի համար․ չքննադատվող իշխանությունը կարող է նահանջ ապրել․ ԶԼՄ ղեկավարները՝ վարչապետի գրառման մասին
ԶԼՄ քննադատությանը ջղային ռեակցիան լավ հատկանիշ չէ ոչ մի պետական պաշտոնյայի համար, դրանից պետք է խուսափել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստատեսությունների վերաբերյալ կոչին։
«Շատ անորոշ էր, թե ում էր ուղղված հայտարարությունը։ Երկրորդ՝ ինձ զարմացրեց հակապետական բառը, հակաիշխանական լսել էինք, բայց պետության դեմ ինչ-որ բան, որոշակի ջղային ռեակցիա, որը լավ հատկանիշ չէ ոչ մի պետական պաշտոնյայի համար, պետք է խուսափել։ Մանավանդ, այն մարդուց ենք լսում այս հայտարարությունը, ով լրագրողական գործունեության ընթացքում անողոք քննադատել է պետական պաշտոնյաներին»,- նշեց Հակոբ Ավետիքյանը։
Մյուս կողմից, «Ազգ» օրաթերթի խմբագիրն այս հայտարարությունում դրական քայլ է տեսնում։ Նրա խոսքով՝ եթե նախորդ իշխանությունները քննադատությանը չէին արձագանքում, լռության էին մատնում, ցույց էին տալիս, որ որևէ արժեք չունի այդ քննադատությունը, ապա այս դեպքում քննադատությունը տեղ է հասնում․ «Բայց չէի ուզենա, որ ջղային արտահայտություն գտներ վարչապետի մոտ»։
Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ այսօրվա իշխանությունները խնդիր ունեն` մամուլի հետ նոր աշխատանքը կազմակերպելու։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նկատեց, որ հեռուստատեսությունները վերջին տարիներին այնքան են նահանջել ազատ խոսքի դիրքերից, որ այս օրերի փոքրիկ համարձակությունը, անհնազանդություններն ընկալվում են հակապետական դրսևորումներ։
«Երբ որ դու նահանջում ես քո իրավունքներից, դիմացինը շատ ավելի մեծ իրավունքներ է ստանում՝ քեզ հալածելու, ճնշելու, սահմանափակելու։ Այնպես որ, պետք է պայքարել, և պայքարը միշտ ճիշտ է»,- ասաց նա։
Արմինե Օհանյանը նշում է, որ հետհեղափոխական շրջանում հասարակությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ներում է շատ քայլերի համար, մինչդեռ նախորդ իշխանություններին այդ նույն գործողությունների համար «կհոշոտեին»։
«Ամեն ինչ հանդուրժողականության, սիրո մթնոլորտում է ընկալվում, սա պետք է ընդունել որպես իրողություն։ Հուսանք, որ հասարակությունը կհասականա, որ այն իշխանությունը, որը չի քննադատվում, կարող է նահանջ ապրել»,- ընդգծեց նա։
«Հրապարակ» օրաթերթի խմբագրի կարծիքով՝ լրատվամիջոցների արձագանքը վարչապետի կոչին չափազանցված չէ, համեմատած Նիկոլ Փաշինյանի հայտարարության ներքում արված մենկնաբանությունների և հավանումների։
«Շատ վտանգավոր են մեկնաբանություններում գրվածները, «պարոն վարչապետ ասեք, գնանք ջարդենք, որ լրագրողն էր»։ Հասկանում եք, մեկ արտահայտությամբ հանրության դիրքորոշումը փոխվում է ամբողջ լրատվական դաշտի նկատմամբ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից»։
«Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- գրել էր վարչապետը։
Tert.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ և որ հեռուստաընկերությանը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ասել էր, որ խոսքն այն մասին չէ, որ իշխանություններին չեն կարող քննադատել. «Հասցեատերերի վերաբերյալ վարչապետի գրառմանն ավելացնելու ոչինչ չունեմ, սակայն կարող եմ ասել, որ խոսքն իշխանություններին քննադատության մասին չէ»,- հայտարարել էր Արման Եղոյանը:










