Daily Mail-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից արջերի ազատ արձակման առաքելությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail լրատվամիջոցն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից արջերի ազատ արձակման առաքելությանը: Լրատվամիջոցը հրապարակել է համապատասխան տեսանյութը՝ նշելով, որ դա այն պահն է, երբ կենդանիներին տարիների ընթացքում առաջին անգամ ազատ են արձակում վանդակից՝ փրկելով «հայկական դժոխային կենդանաբանական այգուց»:
Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպության (International Animal Rescue) էջում տեղադրված տեսանյութում կազմակերպության աշխատակիցներն ազատում են փոքր վանդակներում գտնվող երկու արջերին:
Առաջին արջին նախ ներսում ստուգում են մինչև դուրս հանելը: Տեսանյութը ձայնագրող անձը նշում է, որ արջը 5-6 տարեկան է: Այնուամենայնիվ, երբ աշխատողներն ուսումնասիրում են արջի ատամները, պարզվում է, որ արջը շատ ավելի մեծ է՝ չնայած նրան, որ փոքր է երևում: Դրա փոքր չափերի պատճառը հավանաբար նրա վատ սնվելն է եղել, գրում է կայքը:
Հաղորդվում է, որ փրկարար առաքելությունն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից՝ Հայաստանում վատ պայմաններում անազատության մեջ պահվող արջերին ազատելուն ուղղված ծրագրի շրջանակում:














