Նյու Յորքը սպառնացել է հայց ներկայացնել Սպիտակ տան դեմ՝ միգրացիոն քաղաքականության պատճառով

12:59 • 20.06.18

ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին՝ նրա միգրացիոն քաղաքականության պատճառով, որը ենթադրում է Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների ընտանիքների բաժանում, ինչը խախտում է ներգաղթյալների սահմանադրական իրավունքները: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չենք հանդուրժի, որ դաշնային կառավարությունը խախտի երեխաների և նրանց ծնողների սահմանադրական իրավունքները: Նյու Յորք նահանգը կգործի և հայց կներկայացնի՝ վերջ դնելու համար այդ անսիրտ և ներգաղթյալների համայնքների վրա կանխամտածված հարձակմանը»,- հայտարարել է Կուոմոն:

Այս տարվա ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում սահմանն անօրինական կերպով հատող ընտանիքների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մասին: Այդ քաղաքականությամբ, մասնավորապես, ենթադրվում է երեխաների և ծնողների բաժանում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները չեն կարող ծնողների հետ մնալ ժամանակավոր պահման վայրերում: