Սարգսյան-Փաշինյան  հնարավոր մրցակցությունը լրացուցիչ ճկունություն կտա արտաքին քաղաքականությանը. Արա Նեդոլյան

22:07 • 22.06.18

 

Իշխանության թևերի միջև տարաձայնությունների հնարավոր   առկայությունը վատ  բան չէ, դա կլինի բնական մրցակցություն  իշխանության տարբեր կողմերի միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանն` անդրադառնալով մամուլի  հրապարակումներին, թե կոնֆլիկտ է հասունանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Արա Նեդոյանը համաձայն է Արմեն  Սարգսյանի այն դիրքորոշման հետ, թե  իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի միջև:

«Դա գոնե մտահոգիչ չէ, իսկ եթե լինեն ճգնաժամեր, ուրեմն շատ լավ, կառաջանան ճգնաժամ լուծելու մեխանիզմներ, և դա լրացուցիչ  ճկունություն կտա՝ արտաքին ուժերի հետ հարաբերակցելու համար»,-շեշտեց նա:

Անդրառնալով դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ խնդիրը հատկապես արտասահմանյան այցերի հետ է կապված, հիմա էլ նախատեսվում է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու՝ Արա Նեդոլյանն ասաց, որ կարծում է՝ հետագայում ամեն ինչ կկարգավորվի:

«Ինձ թվում է՝ նպատակահարմար չէ, որպեսզի վարչապետը տարբեր  միջոցառումներին մասնակցի այս ժամանակահատվածում, նրա  պատասխանտվությունը, զբաղվածությունը շատ մեծ է, պետք է այս հարցում լինի հայեցողական մոտեցում»,-ասաց հրապարակախոսը:

Հարցին՝ արդյոք Սահմանադրության հետ կապված՝ խնդիր չէ նաև այն, որ հստակեցված չեն արտաքին քաղաքականության հետ կապված նախագահի և վարչապետի լիազորությունները,  Արա Նեդոլյանն ասաց, որ կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել հայեցակարգ ընդունելու  միջոցով:

«Նաև չեմ բացառում, որ դա տեղի ունենա ինչ-որ կոնֆլիկտի և դրա հանգուցալուծման միջոցով: Իշխանության տարբեր թևերի միջև, իհարկե, հարցեր լինելու են, բայց  հետաքրքիր է, թե նման փոքր ճգնաժամն ինչ կերպ է լուծվելու, ցանակալի է, որ լինի ընդհանուր հայեցկարգ»,-նշեց նա: