«Ինձ դա ընդհանրապես չի հուզում». Թրամփը բացատրել է իր կնոջ՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված հագուստի վրայի գրությունը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համացանցում բացատրել է, թե ինչ կարող էր նշանակել իր կնոջ՝ Մելանյա Թրամփի բաճկոնի վրայի գրությունը, որը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
ԱՄՆ առաջին տիկինը հինգշաբթի այցելել էր Տեխաս՝ ծնողներից բաժանված ներգաղթյալ երեխաների պահման կենտրոններ: Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Մելանյա Թրամփը կրում է կանաչ բաճկոն, որի մեջքին սպիտակ տառերով գրված է. «I really don`t care. Do U» («Ինձ դա ընդհանրապես չի հուզում: Իսկ ձե՞զ»):
Հաղորդվում է, որ այդ բաճկոնը վաճառվում է Zara խանութներում:
Տեխասում առաջին տիկինը մեկ այլ հագուստ է կրել, սակայն Տեխասից վերադառնալիս, չնայած մայրաքաղաքում շոգ եղանակին, նորից այդ գրությամբ բաճկոնն է կրել:
Որոշ ԶԼՄ-ներ ենթադրություն են հայտնել, որ այդ գրությունը վերաբերել է ներգաղթյալներին:
Մելանյա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ տվյալ հագուստը «ոչ մի գաղտնի իմաստ չի պարունակել»: «Այն պարզապես բաճկոն է»,- ասել է նա:
«Մելանյայի հագուստի վրայի գրությունը՝ «Ինձ դա ընդհանրապես չի հուզում: Իսկ ձե՞զ», վերաբերում է կեղծ ԶԼՄ-ներին: Մելանյան արդեն գիտի, թե ինչ անազնիվ են նրանք, և դա նրան իսկապես այլևս չի հուզում»,- գրել է Թրամփը Twitter-ում:




















