Մեր բնակարանները գրավադրել են պաշտոնյա վաշխառուներին. «Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած բնակիչ (տեսանյութ)

12:26 • 22.06.18

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները վարչապետի  նստավայրի առաջ հերթական բողոքի ակցիան իրականացրին՝ պահանջելով իրենց բնակարանները:

Տուժող բնակիչներից  Ծովինար Գրիգորյանը նշեց, որ կեղծ գործարքներ կնքելով՝ իրենց բնակարանների վրա գրավադրել են այդ կիսակառույց բնակարանները վաշխառուներին: Ըստ նրա, արդեն 10 տարի է, ինչ բնակիչները դատարանների դռներին են և չեն  կարողանում հետ ստանալ իրենց բնակարանները:

«Ի՞նչ իրավունք ունեն այսքան մարդկանց իրավունքը ոտնահարել, միակ ապրուստը խլել, հրահանգեց Հերմինե Նաղդալյանը, Վայքի շրջանի ԱԱԾ պետ Գագիկ Առաքելյանը, մյուսը, մյուսը, քանի որ բոլոր վաշխառուները պաշտոնյաներ են, կարողացան դատարաններին հրահանագ տալ և  հօգուտ վաշխառումների ՝դատական գործերը փակվեցին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչները դեռևս 2007 թ-ին գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն ընթացքում կառուցապատող ընկերությունը հայտարարել է ֆինանսական դժվարությունների մասին, և երեք շենքերի շինարարությունը կիսատ է մնացել:

Կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը, ովքեր արդեն ըստ դատարանի՝ մեղադրյալի կարգավիճակում են, առանց բնակիչներին տեղյակ պահելու նրանց կիսակառույց բնակարանները գրավ են դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:


Մանրամասները՝ տեսանյութում: