Լեհաստանում փոթորկի պատճառով տուժել է առնվազն 10 մարդ, կա 1 զոհ
Առնվազն 10 մարդ է տուժել անցած գիշեր Լեհաստանին պատուհասած փոթորկի պատճառով, հաղորդվում է նաև մեկ զոհի մասին, գրում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ տուժածների թվում կա մեկ հրշեջ-փրկարար։
Լեհաստանի պետական հրշեջ անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Պավել Ֆրանտչակը հայտնել է, որ փրկարարներն ուժգին ամպրոպի, անձրևների ու քամու պատճառով ստիպված են եղել կանչերի գնալ շուրջ 4.400 անգամ՝ հիմնականում Մազովեցկոյե և Կույավսկո-Պոմորսկոյե վոևոդություններում։
Փրկարարների օգնությանը քաղաքացիները դիմել են հիմնականում տապալված ծառերի հեռացման համար, ընկած ծառերը հաճախ փակել են փողոցներն ու երկաթուղային ճանապարհները։ Բացի այդ՝ գրանցվել է մի քանի հրդեհ՝ կապված կայծակի ու էլեկտրահաղորդման գծերի խափանման հետ։
Ըստ Ֆրանտչակի հայտնած տեղեկությունների՝ կայծակի ժամանակ վնասվել է 81 շենք, այդ թվում՝ 53 բնակելի տուն։
Հայտնի է, որ 331.000 քաղաքացի առանց էլեկտրականության է մնացել, նրանցից 244.000-ը՝ Մազովեցկոյե վոևոդությունում։










