Նորք Մարաշի գործով Հ. Սարիբեկյանն ազատ արձակվեց կալանքից, իսկ Շիրխանյանին կալանքից ազատելու երաշխավորություն է ներկայացրել 2 պատգամավոր
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատաքննությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Հարություն Սարիբեկյանի և Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին նրանց նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Դատարանը բավարարեց Հարություն Սարիբեկյանի պաշտպանի միջնորդությունը: Նա ազատ արձակվեց կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը մերժեց Խաչիկ Ավետիսյանի և Վլադիմիր Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:
Խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի հունիսի 25-ին:
ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Դատավորները ներկայացան նաև դատարան և գրավոր ու բանավոր հայտնեցին, որ պնդում են իրենց միջնորդությունը: Նախագահող դատավորն ասաց, որ միջնորդությանը կանդրադառնա հաջորդ նիստին՝ հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ 33 հոգու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:










