«Մեկը ես եմ, մյուսը՝ Պուտինը». Էրդողանն իրեն ու Պուտինին ՄԱԿ-ի ԳԱ-ում ամենափորձառու քաղաքական գործիչներն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ամենափորձառու քաղաքական գործիչներն է համարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ նշելով, որ իրենք շատ ընդհանուր բաներ ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Խոսելով փորձի մասին. ՄԱԿ-ի ԳԱ-ում կա 2 առավել փորձառու քաղաքական գործիչ (մյուսները մտքիս չեն գալիս, միգուցե կան), մեկը ես եմ, մյուսը՝ Պուտինը։ Որովհետև եթե դիտարկել նախագահության և վարչապետության ժամկետները, ապա մեզ մոտ ստացվում է 15-16 տարվա ընդհանուր գործընթաց։ Այդ գործընթացի արդյունքում էլ կան արդյունքներ, կան նաև անելիքներ»,- ասել է Էրդողանը երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ նա և Պուտինը, ինչպես նաև Թուրքիան ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն, ինչը դրսևորվեց, երբ Անկարան Սիրիայի հյուսիսում սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչպես նաև՝ Աստանայում ու Սոչիում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների ժամանակ։










