Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը. ՀՀ նախագահն ասել է ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Գործիչները հանդիպել են, ողջունել միմյանց, ապա նաև լրագրողներին և գնացել բանակցություններ վարելու:
Հանդիպման ու ձեռքսեղմման տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի յութուբյան ալիքում:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր, որ Պոմպեոն հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:












