ԱՄՆ պետքարտուղարի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը Հայաստան ներդրումներ բերելուն էր ուղղված. Սուրեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը բացմիցս հայտարարել է, որ ներդրողներին Հայաստան ներգրավվելու գործում ինքը պետք է կարևոր դերակատարություն ունենա, և ԱՄՆ-ում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումը հենց դրան էր ուղղված:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ չնայած որ որոշակի ակնարկներ եղել են արդեն, որ նախագահը չէ ՀՀ-ի արտաքին քաղաքականությամբ զբաղվողը, չպետք է այս հանդիպմանն այլ ենթատեքստեր տալ, այլ պետք է այլ տեսանկյունից դիտարկել․
«Միացյալ Նահանգների հետ այդքան էլ բարձր մակարդակով հանդիպումներ չէինք ունեցել վերջին տարիներին: ԱՄՆ պետքարտուղարի հետ էլ հանդիպումներ վերջին տարիներին չեն եղել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նախագահ Արմեն Սարգսյանի լծակներն են գործի դրվել՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը կազմակերպելու համար, ըստ Սուրեն Սարգսյանի, այնքան էլ կարևոր չէ․«Կարծում եմ՝ նախագահը Վաշինգտոնում գտնվելու առիթն օգտագործել է, խնդրել է՝ հանդիպում կազմակեպեն պետքարտուղարի հետ: Դժվար է ասել, թե ով է եղել կազմակերպիչը, բայց առաջարկում եմ կենտրոնանալ ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմի վրա: Վերջիվերջո, ակտիվ, բարձր մակարդակի հանդիպումներ շատ քիչ են եղել ԱՄՆ-ի հետ, սա առաջին նման շփումն էր նոր՝ Թրամփի ադմինիստրացիայի հետ»,- ասաց նա:
Սուրեն Սարգսյանը մատնանշեց՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ քննարկումներ են եղել հիմնականում ներդրումային ոլորտի խորացման և բարեփոխման մասին: «Նոր հնարավորություններ են բացվում, որովհետև ներկայումս Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, այլ ընկալում ունի աշխարհում՝ վերջին իրադարձությունների հետ կապված»,- ասաց նա:
Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ նման կարգի հանդիպումները, անկասկած, իրենց հետքը թողնում են ներդրումային ոլորտի զարգացման վրա, բիզնես ոլորտի ներկայացուցիչները հետևում են իրենց երկրների բարձրաստիճան այրերի հանդիպումներին և հետևություններ անում: Միջազգայնագետը նկատեց՝ գործարարները հետաքրքրվում են այն երկրներով, որոնց հետ ԱՄՆ-ն ունի ջերմ և բարեկամական հարաբերություներ, և չկան ներդրումներին խանգարող խնդիրներ:
«Հանդիպումն առավելապես տնտեսական նշանակության էր: Բայց հանդիպումը նաև քաղաքական էր, որովհետև Պոմպեոն հետաքրքրվել էր, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, Հայաստանում: Այնպես որ, հանդիպումը նաև այս կոնտեքստում կարելի է դիտարկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Ըստ հաղորդագրության՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Սուրեն Սարգսյանի՝ խոսքով մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի Վաշինգտոն այցին պետք է հաջորդեն ԱՄՆ-ի հետ երկխոսություններն արդեն գործադիրի մակարդակով:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ քաղաքական, ունեն զարգանալու աննախադեպ մեծ պոտենցիալ, բայց որի մեկ տոկոսն է օգտագործվում: Պետք է զարգացնել, մեծացնել այդ փոքր տոկոսը բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ համայնքի հետ հարաբերություններում»,- ասաց նա:










