Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ. Ժիրայր Սեֆիլյանն՝ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

14:33 • 30.06.18

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ ստեղծված է աննախադեպ հնարավորություն՝ մեր երկրի ներսում կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ և իրենք արդեն պատրաստվում են այդ ընտրություններին:

«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերն» այսօրվանից իսկ պատրաստվում են սպասելիք ազատ, արդար ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ ձևաչափը առաջիկա օրերին պարզ կլինի: 

«Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ»,-հավելեց Սեֆիլյանը: Ըստ վերջինիս՝ իրենք բանտից էլ աջակցել են շարժմանը, գործող իշխանություններին, շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ նա ասաց, որ ունեն իրենց ներկայացուցիչը՝ քննարկումներին մասնակցելու համար:

«Բայց այսօր մեր անելիքի նախապատվությունը օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ:  Բոլորը պետք  է լինեն ազատության մեջ, իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, ինչպես ասել եմ՝ առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որպեսզի լինի անաչառ դատաքննություն, և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տղաների ազատության մեջ լինելը չի խանգարի երբեք դատաքննությանը:  Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդից որևէ հատված ցանկություն ունի, որ տղաները շարունակեն փակված մնալ»,-ասաց նա և նշեց, որ նրանք ոչ միայն  քաղբանտարկյալ են եղել, այլ նաև ռազմագերի:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ապրիլի 23-ից հետո բանտում գտնվողները հապճեպություն չեն դրսևորել օր առաջ ազատություն գտնելու համար: «Այդ օրերին ես ևս գտնվել եմ բանտում և ըմբռնումով ենք մոտեցել գործող իշխանության ընդունած մարտավարությանը և չենք փորձել ավելորդ ճնշումներ բանացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է զոհվածներին, ապա նա ասաց, որ զոհվածները բոլորի անդառնալի կորուստն են, բոլորի ցավը: «Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը, և մասնավորապես զոհվածների ընտանիքները, հարազատները շուտով ևս այս կարծիքին կլինեն. ես հույս ունեմ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես վարչապետն է ասել, պետք է երկխոսել: