Կուտակային համակարգը ներդրվեց եկամտային հարկի առկա սանդղակների պայմաններում, ինչը աշխատողների մեծամասնության համար դժվար պայմաններ կստեղծի. Վ. Բոստանջյան

20:12 • 01.07.18

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հեռու է այն մտքից, որ Հարկային օրենսգիրքն իդեալական է և կարգավորում է ամբողջ տնտեսական դաշտը:

Սակայն պատգամավորը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անկախ ամեն ինչից՝ Հարկային օրենսգիրքը մի շարք հարցերի և՛ լուծում է տալիս, և՛ որոշ խնդիրներ մեղմացնում է: Բոստանջյանը հիշեցրեց, որ ի սկզբանե ասել էր, որ այսպիսի օրենսգիրքն ստեղծում է փոքր ու մեծ դժվարություններ տնտեսական սուբյեկտների մոտ: 

«Հայաստանը, մի շարք տարբերություններ ունի աշխարհում արդեն կանոնակարգված հարաբերություն ունեցող տնտեսական սուբյեկտների հետ համեմատ։ Ըստ էության՝ պետք է մեր տնտեսական շրջանառության հիմնական մասը լինի փոքր և միջին սուբյեկտների միջոցով, բայց արի՛ ու տե՛ս, որ մենք այդ առումով ունենք դժվարություն, որովհետև մենաշնորհի նկրտումների պայմաններում փոքր և միջին բիզնեսը չի կարողանում աշխատել: Բայց հարկային այս օրենսգիրքը ստեղծում է հնարավորություն, որ հարկային պարտավորությունները պետության նկատմամբ հստակ կատարվեն»,- ասաց նա:

Բոստանջյանը նկատեց, որ անհատ ձեռներեցները նախկին Հարկային օրենսգրքով չէին կարողանում աշխատել, իսկ փոփոխություններից հետո նրանց համար նոր հնարավորություններ են ստեղծվում. «Փոփոխությունը նրանց համար չեմ ասում ստեղծում է արտակարգ պայմաններ, բայց ստեղծում է հնարավորություններ, որ պարտավորությունների կատարումը խնդրահարույց չլինի, այսինքն՝ անկախ նրանից՝ խոշոր բիզնես է, թե փոքր կամ միջին, ունենա հարկային պարտավորություններ պետության նկատմամբ, հակառակ պարագայում հատուկ պատժամիջոցների և պատասխանատվության ինստիտուտների կիրառում կլինի»,- շարունակեց Բոստանջյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ նոր հարկային օրենսգիրքն ազատ տնտեսական մրցակցության համար ստեղծում է լավ պայմաններ: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ օրենքը դեռևս շատ բարեփոխվելու տեղ ունի, սակայն հիմա ժամանակը կարճ էր,  և փոփոխություններն արագ արվեցին: Նա վստահեցրեց՝ բիզնես միջավայրը շուտով ականատես կլինի Հարկային օրենսգրքի արմատական փոփոխությունների:

«Նոր հարկային օրենսգրքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից նաև որոշակի պարտադրանքի ինստիտուտ կար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ արտաքին պարտքը մեծ թվերի էր հասնում, և նրանք ասում էին՝ անկախ նրանից, թե երկիրն արդյունավետ է, թե ոչ, եկամուտները շատ են, թե ոչ, որդեգրե՛ք համապատասխան մոտեցում, որպեսզի կարողանաք կատարել ձեր պարտավորությունները, քանի որ գտնվում եք ռիսկային դաշտում»,-  ընդգծեց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետն անդրադարձավ նաև կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։ Նա նկատեց, որ եկամտային հարկի առկա սանդղակների պայմաններում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվեց, ինչը, ըստ նրա, աշխատողների ճնշող մեծամասնության համար դժվար պայմաններ կստեղծի:

«Ուրեմն սա բացառելու համար հատկապես եկամտային հարկի սանդղակում պետք է լինեն նկատելի փոփոխություններ, որի համար էլ «Ծառուկյան դաշինքը» նախաձեռնություն հանդես բերեց, որը չընդունվեց: Մենք չպնդեցինք դա, որովհետև  գտնվում ենք 2018 թվականի մեջտեղում, իսկ այս պարագայում մենք իրավունք չունեինք եկամուտների կտրվածքով հանկարծակի ռիսկային վիճակներ ստեղծել: Դրա համար նման փոփոխությունները, որոնք կենթադրեն եկամուտների տեղաշարժ, հնարավոր է նաև՝ փոքրացում, պետք է արվեն այն ժամանակ, երբ տեսնենք դրանց լրացնելու հստակ ճանապարհները: Պետք է տեսնենք ռեզերվներ, որոնք կգան լրացնելու եկամտային հարկի սանդղակի փոփոխությամբ պայմանավորված բացը»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավորը, խոսելով ներդրումային միջավայրի մասին  պատասխանելով հարցին՝ արդյոք նոր կառավարությունը կարողացել է ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծել, ասաց, որ անկախ ամեն ինչից՝ գործադիր մարմնին հաջողվել է վստահության մթնոլորտ ստեղծել: Նրա դիտարկմամբ՝ բոլոր դեպքերում ներդրումային գործունեության համար հրապուրիչ պայմանների ստեղծումն առաջնահերթ պայմանավորված է նրանով, թե որքանով են քո ներդրած միջոցները, կապիտալն անվտանգ:

 

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան