Արտախորհրդարանական ուժերը պետք է իրենց մասնակցությունն ունենային ԸՕ փոփոխություններում, ՍԴՀԿ-ն լավ առաջարկներ ունի. ՍԴՀԿ փոխատենապետ
Արտախորհրդարանական ուժերը պետք իրենց մասնակցությունն ունենային Ընտրական օրենսգրքի փոփոխություններում. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը տարբեր լավ առաջարկներ ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նա նաև հայտնեց, որ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ունի, բայց դեռ չի քննարկվել ձևաչափը:
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է ՍԴՀԿ-ն: Արդեն հստակ որոշում ունե՞ք:
- Այո՛, նախնական որոշում ունենք:
- Աշխատանքներ տանում ե՞ք, ի՞նչ աշխատանքներ եք տանում մարզային կառույցների հետ, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
- Մեր կառույցների հետ մենք միշտ էլ աշխատանքները տանում ենք:
- Կուսակցությունում քննարկվել է՝ ի՞նչ ձևաչափով է լինելու ընտրությունների մասնակցությունը՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով:
- Դեռ պարզ չէ, իմ կարծիքով, դեռ ոչ մի կուսակցության համար էլ պարզ չէ իրենց մասնակցությունն ինչպես է լինելու: Առայժմ սպասողական վիճակում ենք:
- Քննարկումներ չե՞ն եղել այլ քաղաքական ուժերի հետ:
- Ոչ, քննարկումներ չենք անցկացնում ոչ մի կուսակցության հետ: Առայժմ ոչ մի քննարկումներ, ոչ մի խորհրդակցական որևէ բան չի եղել:
- 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինքով հանդես գալու համար Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ էիք բանակցություններ վարում, հետո հայտարարեցիք «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին, բայց ի վերջո ընտրություններին չմասնակցեցիք: Այս անգամ հնարավո՞ր է այս նույն քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության գալ:
- Ներկայումս ոչ մի բան չեմ կարող ասել: Մենք ոչ մեկի հետ ոչ մի քննարկում չենք արել: Բայց հաստատ որոշված է, որ ընտրություններին մասնակցելու ենք:
- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված Ձեր տեսակետը հետաքրքիր է, մասնավորապես, համամասնական համակարգի անցնելու և խորհրդարանի անցողիկ շեմն իջեցնելու վերաբերյալ:
- Ամենակարևորն ինձ համար օրենսգրքում կուսակցությունների վերաբերյալ կետն է: Օրենսգրքի փոփոխություններով կառավարությունը և Ազգային ժողովն են զբաղվում, կարծում եմ՝ օրենսգրքի փոփոխությունը լավ պետք է լինի: Սպասենք, տեսնենք ինչ արդյունք կլինի:
- Ճի՞շտ եք համարում, որ արտախորհրդարանական ուժերը չեն մասնակցում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին:
- Ճիշտն ասած՝ ոչ: Պետք է արտախորհրդարանական կուսակցություններն որքան հնարավոր է իրենց մասնակցությունն ունենային: Սա իմ անձնական կարծիքն է, ոչ կուսակցության:
- Այսինքն՝ ձեզ ընդհանրապես հրավեր չի՞ եղել քննարկումներին մասնակցելու, բայց դուք առաջարկներ ունեք:
- Իհարկե, մենք որպես կուսակցություն ունենք տարբեր առաջարկներ, լավ առաջարկներ:
- Օրինակ՝ ի՞նչ առաջարկի մասին է խոսքը:
- Ես ասացի, մենք մինչև այսօր սպասողական վիճակում ենք, ոչ մի քննարկում չենք արել: Մենք մեր մեջ մեր քննարկումներն անում ենք, հետագայում ամեն ինչ կպարզվի: Կտեսնենք՝ ինչ կտան արդյունքները, նոր կխոսենք դրա մասին:










