Զորի Բալայանը ցանկանում է խլել հիվանդանոցը, բառիս բուն իմաստով ինձ «գցում են». «Երևան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ
«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը ցանկանում է վերականգնել արդարությունը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես և ինչու փակվեց բժշկական կենտրոնը, ինչ ընթացքի մեջ է գործընթացը: Ըստ նրա՝ հարցի հանրայնացումը կօգնի վերաբացել հիվանդանոցը, որը 172 աշխատող է ունեցել:
«Աշխատակիցներն իմ կողքին են, ես հիմա «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն եմ, մի հատվածն էլ այլ աշխատանք է գտել, սակայն սա հարցի լուծում չէ: 2016. թ.-ին, երբ հիվանդանոցը փակվեց, ես բառացի ասել եմ, որ գնում է գործընթաց, և Զորի Բալայանը ցանկանում է խլել հիվանդանոցը, հայտնի ու փորձված մեխանիզմներով խլում է հիվանդանոցը, բառիս բան իմաստով ինձ «գցում են», հիմա էլ վերահաստատում եմ»,- ասաց նա:
Տարոն Տոնոյանը նկատեց, որ պատմությունը սկսվել է 2014 թ.-ից, երբ Զորի Բալայանն ու նրա տղան՝ Հայկ Բալայանն, իրեն ասել են, որ պետք է հեռանա հիվանդանոցից, հետո էլ ինքն է առաջարկել, որ իրենք գնան: Նրա խոսքով՝ մինչ այդ ինքը գործընկերոջ առաջարկով մի շարք կադրային փոփոխություններ է արել, սակայն դա չի բավականացրել նրան: Տոնոյանը պատմեց, որ իրեն հեռանալու համար գումար են առաջարկել, սակայն ինքը նրանց եռակի շատ է առաջարկել, որ գնան, բայց չեն գնացել:
«Անցավ մի քանի ամիս, ինձ հրավիրեցին Բաղրամյան 26: Անկեղծ ասած՝ ես գիտեի, որ հարցը դրան կարող էր վերաբերել, բայց երբ հարցրին, թե գիտեմ՝ արդյոք ինչու եմ գնացել, պարզապես ասացին, որ, հավանաբար, մեր սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի համար եք ինձ կանչել, զուտ ասացի, որ հասկանան իմ ակնկալիքները: Տեղի ունեցավ բավականին կոշտ, փողոցային խոսակցություն, որ պետք է ընդունեմ առաջարկը և դուրս գամ: Ես ասացի, որ դա չի լինի, քանի որ ես եռակի գումար եմ առաջարկում, ինձ ասացին, որ դա չի լինի, ես էլ ասացի, որ իմ դուրս գալն էլ չի լինի»,-ընդգծեց նա:
«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը նշեց, որ ինքը ցանկացել է նոր հիվանդանոց կառուցել «Երևան» ԲԿ-ին շատ մոտ, սակայն չի կարողանում, քանի որ վարկերը ևս սառեցվել են, իսկ դատարաններում տարբեր հայցերով 5 գործ է հարուցված, որը տարբեր պատճառներով ձգձգվում է. «Խնդրում եմ, որ քննչական մարմինները լուծում տան, մենք նստենք, քննարկենք իմ գործընկերոջ հետ, որոշենք հիվանդանոցի ճակատագիրը»,-շարունակեց Տոնոյանը:
Վերջինս հավելեց, որ խնդրի հետ կապված ինքը զրուցել է Զորի Բալայանի հետ, ով դժգոհել է այն բանից, որ խնդիրը հանրայնացրել է. «Ինձ ասաց՝ ինչ արել, արել ենք, իզուր հարցն էդ կարգի բարձրացրեցիր, ես էլ ասացի, որ հիմքը ես չէի: Նա ասաց. «Ես այնպես եմ անելու, որ երեխաներն ու թոռներն ուրախ լինեն՝ և՛ իմ, և ՛ քո, ես այնպես եմ անելու, որ իմ տղան ու դու քաղաքի տարբեր ծայրերում լինեք, բայց եղբայր մնաք»»,- պատմեց Տարոն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ իր առաջարկը եղել է հավասարության սկզբունքով քննարկում իրականացնելը, սակայն 2-րդ կողմը միայն պնդում է, որ ինքը պետք է լինի տնօրեն և վերջ:










