Բելգիայում իրանցիներ են ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

17:32 • 02.07.18

Բելգիայի իրավապահ մարմինները հնարավոր ահաբեկչություն են կանխել, որը պատրաստվում էին Ֆրանսիայում իրականացնել իրանական ծագման երկու քաղաքացի: Կասկածյալները ձերբակալվել են, հարուցվել է ահաբեկչության մասին գործ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բելգիայի դաշնային դատախազությանը:

Դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել ահաբեկչության մասին պետանվտանգության ծառայությունից տեղեկատվության հիման վրա: Այդ հետաքննության շրջանակում 1980 թվականի ապրիլի 26-ին ծնված Ամիր Ս.-ն և 1984 թվականի սեպտեմբերի 20-ին ծնված նրա կինը՝ Նասիմե Ն.-ն, որոնք երկուսն էլ իրանական ծագմամբ Բելգիայի քաղաքացիներ են, կալանավորվել են Անտվերպենից դատական քննիչի կողմից:

«Նրանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչական բնույթի մահափորձի և ահաբեկչական բնույթի հանցագործության նախապատրաստման համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Քննության տվյալներով՝ ձերբակալվածները կասկածվում են հունիսի 30-ին ֆրանսիական Վիլպենտ քաղաքում Իրանում արգելված ձախ ծայրահեղական կազմակերպություններից մեկի կազմակերպած համաժողովի ժամանակ պայթյունի իրականացման փորձի համար: Այդ համաժողովին ներկա է եղել մոտ 25 հազար մարդ: