Հնդկաստանում դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը, կան տուժածներ
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ նահանգում դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չարթհվալ շրջանում, ըստ նախնական տվյալների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 աշակերտ։ Տուժածները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի պատճառների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Նախօրեին Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ավելի քան 45 մարդ։ Շուրջ 50 մարդ տեղափոխող ավտոբուսն ընկել է ավելի քան 200 մետր խորությամբ անդունդը։ Ըստ նախնական տվյալների՝ 45 մարդ մահացել է տեղում, իսկ 2-ը՝ որոշ ժամանակ անց։










