Իտալիայում հանցախումբ է ձերբակալվել՝ Եվրոպա ներգաղթյալների անօրինական փոխադրման համար

16:54 • 02.07.18

Իտալական Պալերմո քաղաքի ոստիկանները երկուշաբթի հայտնել են 17 մարդու ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Բալկանյան երկրներից Իտալիա և այդտեղից այլ եվրոպական երկրներ անօրինական ներգաղթյալների փոխադրման կազմակերպման համար, գրում է ansa.it-ը:

Հանցավոր խումբը տեղակայվել է Սիցիլիայում, բայց իր գործունեությունը կարողացել է տարածել ոչ միայն Իտալիայի տարբեր շրջաններում, այլև Շվեյցարիայում, Գերմանիայում, Ալբանիայում և Կոսովոյում:

Բացի անօրինական ներգաղթյալների փոխադրումից՝ հանցախմբի մասնակիցները զբաղվել են զենքի առևտրով և ադամանդի ու ոսկու մաքսանենգությամբ՝ կապեր պահելով սիցիլիական մաֆիայի և ծայրահեղական իսլամիստներին մոտ համարվող ալբանական ռազմականացված կառույցի հետ:

Խմբի ծառայություններից օգտվել են տասնյակ մարդիկ, որոնք տեղափոխվել են Եվրոպայի հյուսիս և Շվեյցարիա: Այդ ճանապարհորդությունը ներգաղթյալներին արժեցել է 3 հազար եվրո: