Մեքսիկայում ընտրությունների օրը քաղաքական կուսակցությունների 2 անդամ է սպանվել
Մեքսիկայում համընդհանուր ընտրությունների օրն անհայտ անձինք սպանել են «Ազգային վերածննդի շարժման» (MORENA) և Աշխատանքի կուսակցության (RT) երկու ակտիվիստի, գրում է rbc.ru-ն:
MORENA-ի անդամը սպանվել է Չյապաս նահանգում: Նախնական տվյալներով՝ ակտիվիստը սպանվել է, երբ փորձել է թույլ չտալ ընտրողների ձայների գնումը:
Աշխատանքի կուսակցության անդամ Ֆլորա Ռեսենդիս Գոնսալեսին սպանել են առավոտյան՝ իր տան մոտ: Նա հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Կիրակի՝ հուլիսի 1-ին, Մեքսիկայում համընդհանուր ընտրություններ են անցկացվել, որի արդյունքներով ընտրվել է երկրի նախագահ, ինչպես նաև մի շարք նահանգների նահանգապետեր, պատգամավորներ, սենատորներ և քաղաքապետեր:
«Ազգային վերածննդի շարժումը» և Աշխատանքի կուսակցությունը մտնում են «Միասին կերտենք պատմություն» կոալիցիայի մեջ, որի մեջ է մտնում նաև «Սոցիալական համերաշխության կուսակցությունը»:
Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում դե ֆակտո հաղթել է «Միասին կերտենք պատմություն» ձախակողմյան ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:










