Պուտինը ռուսական բանակի զորամասերն անվանակոչել է ուկրաինական քաղաքների պատվին

16:06 • 02.07.18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական բանակի մի շարք զորամասերի պատվավոր անուններ շնորհելու մասին: Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է rbc.ru-ն:

Հրամանագրերում նշվում է, որ պատվավոր անունները շնորհվել են տարբեր զորամասերի «փառահեղ ռազմական պատմական ավանդույթների պահպանման, հայրենիքին նվիրվածության և զինվորական պարտքին հավատարմության ոգով զինծառայողների դաստիարակության նպատակով»:

Պուտինը հրամանագրերը ստորագրել է 2018 թվականի հունիսի 30-ին, դրանք արդեն ուժի մեջ են մտել:

Այսկերպ, ռուսական բանակի 6-րդ տանկային գունդն այսուհետ կրում է «գվարդիական Լվովյան» պատվավոր անունը, 68-րդ տանկային գունդը՝ «գվարդիական Ժիտոմիր-Բեռլինյան» անունը, 163-րդ տանկային գունդը՝ «գվարդիական Նեժինյան» անունը:

Ուկրաինական քաղաքների անունները ներառվել են պատվավոր անուններում՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ քաղաքների ազատագրմանը մասնակցության:

Միաժամանակ, ռուսական բանակի մի շարք զորամասեր ստացել են պատվավոր անուններ, որոնք ներառում են Բելառուսի քաղաքների՝ Վիտեբսկի, Կոբրինի, Սլոնիմի անունները, ինչպես նաև Լեհաստանի մայրաքաղաքի անունը: