Երիտասարդ ռուսների մեկ երրորդը ցանկանում է արտագաղթել. հարցում
Տասնութից քսանչորս տարեկան յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցի (31 տոկոսը) ցանկություն է հայտնել հեռանալ երկրից: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնին:
Հարցման յուրաքանչյուր չորրորդ մասնակից (26 տոկոսը) արդեն ունի բարեկամներ կամ ծանոթներ, որոնք արտագաղթել են վերջին տարիներին:
Մշտական բնակության համար առավել գրավիչ երկրներ են նշվում Գերմանիան, ԱՄՆ-ն և Իսպանիան:
Ընդհանուր առմամբ, երկրից հեռանալ ցանկացողների թիվը 2011 թվականից ի վեր գրեթե անփոփոխ է մնում՝ բոլոր տարիքային խմբերի շրջանում 10 տոկոս:
Նվազել է նաև նրանց թիվը, ովքեր ցանկությունից բացի՝ ունեն նաև մեկ կամ երկու տարվա ընթացքում հայրենիքից հեռանալու կոնկրետ ծրագրեր՝ 17-ից 10 տոկոս:










