Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. պատճառը վրացական անցակետում ներդրված համակարգն է
14:16
Լարսի անցակետը բաց է, որևէ խնդիր չկա, ուղղակի մեծ հերթ է գոյացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
«Վրացական անցակետում տոմսերի ամրագրման նոր համակարգ է ներդրվել: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը Վրաստանի տարածքում մեծ կայանատեղի է սարքել՝ մոտ 500 մեքենայի համար: Ես իրենց էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ խոսել եմ, մեր վարորդների հետ էլ եմ խոսել, կարելի է ասել, որ դա արվում է, որ ավելորդ քաշքշուքներ չլինեն: Սա ավելի քաղաքակիրթ ձև է»,- նշեց նա:
Հ. Համբարձումյանի խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի համար վարորդները վճարում են 12 լարի, որը չի տարբերվում նախկին վճարներից, և հերթն այլևս չի խախտվում. «Սրա տակ ես ոչինչ չեմ տեսնում, այստեղ ավել փող վերցնելու խնդիր չկա»,- հայտնեց փոխադրողների ասոցիացիայի նախագահը:
13:22
Այս պահին դեռ նորություններ չկան Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
Նա տեղեկացրեց, որ նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված:
«Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: Համակարգը մի քանի օր է, ինչ գործում է: Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերն արդեն 7 օր է՝ անցակետում են:










