Փարիզում պատշգամբից կախված երեխային փրկած ներգաղթյալը հրշեջ է դարձել (լուսանկարներ)
Մալիից ներգաղթյալ Մամուդու Գասաման, որը մայիսի վերջին երեխա էր փրկել Փարիզում, հրշեջ ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Parisien թերթը:
Հիշեցնենք, որ 22-ամյա երիտասարդը փրկել էր 4-րդ հարկի պատշգամբից ցած ընկնելու վտանգի մեջ հայտնված երեխային: Գասաման մի պատշգամբից մյուսն է բարձրացել ու, ի վերջո, հասել 4-րդ հարկ՝ բռնելով երեխային: Տեղի ունեցածը նկարահանել է անցորդներից մեկը, այնուհետև տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
Գասամայի արարքի մասին լուրը լայն արձագանք է գտել, ու երիտասարդին նույնիսկ ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են նպաստել նրան, որպեսզի Գասաման հնարավորինս արագ կարգավորի փաստաթղթերի հետ կապված խնդիրներն ու երկրի քաղաքացիություն ստանա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գասաման ստորագրել է աշխատանքային պայմանագիրը հունիսի 28-ին: Նա կսկսի աշխատել աշնանը, իսկ մինչ այդ արձակուրդ կմեկնի:













