«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ռայմոնդ Գևորգյանը

10:40 • 03.07.18

Այսօր տեղի է ունենում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, թե ինչպես թանգարան ՊՈԱԿ-ը ներկայումս դարձել է հիմնադրամ:

Նիստը վարեց հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ հոգաբարձուների 15 անդամից նիստին ներկա էր 11-ը:

Հրանուշ Խառատյանը ներկայացրեց նիստի օրակարգը, ըստ որի հարցերը վերաբերում էին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունմանը,  հոգաբարձուներ խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրությանը,  կանոնակարգի հաստատմանը և այլ հարցերի:

Աշխատակարգն ընդունելուց հետո հիմնադրամի նախագահի պաշտոնին առաջադրեցին Ռայմոնդ Գևորգյանի թեկնածությունը, ով թեև Հայաստանում չէր և չէր մասնակցում նիստին, սակայն հաղորդագրություն փոխանցեց, որտեղ տվեց իր համաձայնությունը: Այսպիսով, բաց քվեարկությամբ նա ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Իսկ քարտուղար ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը՝ նույնպես միաձայն: