Ավստրիայի ԱԳՆ-ն ցանկանում է արտաքսել իրանցի դիվանագետին՝ Փարիզում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
Ավստրիայի ԱԳՆ-ն պատրաստվում է արտաքսել իրանցի դիվանագետին, որը կասկածվում է Փարիզում իրանական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Ինչպես նշել են Ավստրիայի ԱԳՆ-ում, իրենք դիվանագետի ձերբակալության եվրոպական օրդեր են ստացել: Այդ առնչությամբ ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին՝ իրանական դեսպանատան աշխատակցին դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
«Մենք դիվանագիտական աշխատակցին ուղարկած երկրին խնդրել ենք զրկել դիվանագետին անձեռնմխելիությունից: 48 ժամվա ընթացքում օրդերի հիման վրա նա պետք է զրկվի դիվանագիտական կարգավիճակից»,- նշել է Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները շաբաթ երեք մարդու են ձերբակալել Վիլպենտ քաղաքում իրանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հանդիպմանը հարձակման նախապատրաստության կասկածանքով: Նույն օրն այդ գործով Բելգիայում ձերբակալվել է երկու իրանցի, որոնք նույնպես կասկածվում են այդ հարձակման նախապատրաստման համար:










