Հայաստանի նոր իշխանությունները. ինչ հաջողություններ ունեն ցույցերի մասնակիցները նախարարների դերում. DW-ի անդրադարձը
Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողությունից հետո իշխանության է եկել երիտասարդությունը: Deutsche Welle-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է նրան, թե ովքեր են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ինչպես են դիմանում «նորեկները» և ինչ են նրանց աշխատանքի մասին ասում մարդիկ:
Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության նախարարների միջին տարիքը 40 տարեկանից փոքր-ինչ բարձր է: Նոր կառավարության ձևավորումից ի վեր երկրում չեն դադարում նոր կառավարության և առանցքային մասնակիցների շուրջ քննարկումները:
Ինչպես և Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, նոր կառավարությունում չեն հայտնվել գործարարներ և օլիգարխներ, ինչը դրական արձագանք է գտել հասարակությունում: Երկրի բնակչությունն ավելի քննադատական է մոտեցել նրան, որ պատասխանատու պաշտոնների են նշանակվել մեծ մասամբ առանց վարչական աշխատանքի փորձի երիտասարդներ:
DW-ն զրուցել է փորձագետների հետ՝ պարզելու համար, թե ինչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանը ձևավորել նոր կառավարությունը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը երեք խումբ է առանձնացրել, որոնցից առաջինը Նիկոլ Փաշինյանի թիմն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները և ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցածները: Նրանց առավելություններից է «երիտասարդությունը, եռանդունությունը, չվարկաբեկված հեղինակությունը, ժամանակակից հաղորդակցության միջոցների օգտագործման կարողությունը»: Այդ խմբի գլխավոր թերությունը բարձր պաշտոններում աշխատանքի փորձի բացակայությունն է, ինչը, սակայն, ինչպես նշում է Զոլյանը, ներկայիս պայմաններում առավելապես առավելություն կարելի է համարել:
Փորձագետի խոսքով՝ երկրորդ խումբը պայմանական տեխնոկրատներն են, լավ մասնագետներ, որոնք աշխատել են նախկին իշխանությունների օրոք համեմատաբար կարևոր պաշտոններում, բայց կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությամբ աչքի չեն ընկել:
Երրորդ խումբը, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներն են կոալիցիոն կառավարության մեջ մտած այլ կուսակցություններից: Նախատեսվող ընտրությունները հաշվի առնելով՝ նրանց մի մասի հետ համագործակցությունը ժամանակավոր բնույթ է կրում, նշել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է նոր կառավարության աշխատանքին, փորձագետների կարծիքով, դեռ դժվար է միանշանակ գնահատական տալ, քանի որ դրա ձևավորումից դեռ մեկուկես ամիս է անցել: Այնուամենայնիվ, առանձին արդյունքներ այժմ արդեն նկատելի են:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոր կառավարության գլխավոր ձեռքբերում է անվանել այն, որ իշխանությունները կատարել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց խոստումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հաշվի առնելով այն, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, ակնհայտ է, որ «հայտարարված անունները միայն այսբերգի գագաթն են»: Նրա կարծիքով՝ ամենագլխավոր խնդիրը, որ նոր իշխանությունները դեռ պետք է լուծեն, կոռուպցիան որպես երևույթ արմատախիլ անելն է, ինչպես նաև երկրից մեծ գումարների դուրսբերումը թույլ չտալը:
Կոռուպցիայի դեմ պայքարում նոր իշխանությունների հաջողություններն է ընդգծել նաև քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ հիշեցնելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, նոր հետաքննությունների և ձերբակալությունների մասին: Նա նոր կառավարության մեկ այլ առավելություն է նշել նրա գործունեության թափանցիկությունը: Նոր կառավարության թերությունների թվում փորձագետը նշել է բարեփոխումների ընդհանուր ռազմավարության բացակայությունը և տարբեր գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքի բացակայությունը:
«Եթե Փաշինյանի նկատմամբ կա գրեթե անսահման վստահություն, ապա կառավարության անդամների նկատմամբ վերաբերմունքն ավելի պահանջկոտ է, և նրանք ավելի հաճախ են քննադատության ենթարկվում, քան ինքը՝ Փաշինյանը»,- ասել է քաղաքագետը:
Ռուբեն Մեհրաբյանն, իր հերթին, նշել է, որ նոր կառավարությունը շատ ժամանակ չունի, և արդեն աշնան սկզբին բոլոր չլուծված հարցերը կարող են բարձրացվել ամբողջ սրությամբ:










