Ադրբեջանի բնակչությունը Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթարի պատճառով բացի լույսից մնացել է նաև առանց ջրի
Ադրբեջանի տարածքում լույս հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումն ազդել է նաև ջրամատակարարման վրա: Այդ մասին հայտնել է «Ազերսու» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլին, գրում է minval.az-ը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը խնդիրներ է ստեղծել Օղուզի և Գաբալայի շրջաններից, ինչպես նաև Ջեյրանբաթանի ջրամբարից և Կուր գետից ջրամատակարարման համար:
Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Ջեյրանբաթանի ջրամբարից ջրամատակարարումը գրեթե վերականգնվել է:
«Օրվա ընթացքում մայրաքաղաքի բնակիչները կարող են բախվել ջրամատակարարման հետ կապված խնդիրների: Այդ խնդիրները կվերացվեն օրվա ընթացքում»,- նշել է Ջաբրաիլին:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 3-ին Ադրբեջանի տարածքում եղանակային պայմանների և անոմալ շոգերի հետևանքով էլեկտրաէներգիայի չափազանց շատ օգտագործման պատճառով վթարի է ենթարկվել Մինգեչաուրի ՀԷԿ-ի տրանսֆորմատորներից մեկը, ինչի հետևանքով Ադրբեջանը մի քանի ժամով մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում կայանում:










