Հրվ. Աֆրիկայում «հանգուցյալը» ողջ է հայտնաբերվել դիահերձարանի սառնարանում

13:11 • 03.07.18

Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած հայտարարված կինը ողջ է հայտնաբերվել դիահերձարանի սառնարանում, հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ կինն արդեն հիվանդանոցում է ու ապաքինվում է:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կառլթոնվիլ քաղաքի դիահերձարանում:

Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած բժիշկները կնոջը զննելուց հետո հայտարարել են, որ նա մահացած է, սակայն դիահերձարանի աշխատակիցներից մեկը դին զննելու ժամանակ պարզել է, որ կինը շնչում է: Արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Բժիշկները հայտարարել են, որ իրենք որևէ սխալ թույլ չեն տվել ու զննման պահին կինն իրոք չի շնչել: