Թրամփը նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին․ The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին՝ հիասթափություն հայտնելով առ այն, որ որոշ մասնակից երկրներ չեն ավելացրել պաշտպանությանն ուղղված ծախսերը, գրում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ նամակներն ուղարկվել են հունիսին։
«Ինչպես մենք քննարկել էինք Ձեր ապրիլյան այցի ժամանակ, ԱՄՆ-ում աճում է հիասթափությունն առ այն, որ որոշ դաշնակիցներ խոստացածի պես չեն ավելացրել (պաշտպանության ոլորտի) ծախսերը»,- մեջբերվում է Թրամփի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակից մի հատված։
ԱՄՆ ղեկավարը նշել է, որ պաշտպանությանն ուղղված անբավարար բյուջեն բացասական ազդեցություն է ունենում ՆԱՏՕ-ի անվտանգության վրա, ինչպես նաև հրահրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չկատարել իրենց պարտավորությունները։
Աղբյուրի ունեցած տեղեկություններով՝ նման ձևակերպումներ Թրամփն օգտագործել է նաև դաշինքի անդամ այլ երկրների ղեկավարներին ուղղված նամակներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը կարծում է, որ Գերմանիան և Եվրոպայի մյուս երկրները բավականաչափ գումար չեն ծախսում ՆԱՏՕ-ի ֆինանսավորման համար։
«Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան պետք է ավելի շատ գումար ծախսեն։ Նրանք արդար չեն վարվում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը։










