ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Ապաթուրայ
ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:
«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», - «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը:
«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:
Հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետն առաջին այցով կմեկնի Եվրոպա՝ Բրյուսել, ուր այդ օրերին անցկացվելու է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն կառույցի անդամ գերտերությունների առաջնորդները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այլև դաշինքի հետ համագործակցող ու խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ղեկավարները:
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետը:
«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:
Բրյուսելում վստահ են, որ կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի նոր կառավարության հետ:
«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:
Ավելի վաղ՝ Փաշինյանի ընտրությունից հետո Երևան ուղարկված շնորհավորական հեռագրում Ջեյմս Ափաթուրայը նշել էր՝ «ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










