«Յուրաքանչյուր բառ կրակոց է». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ռուս պատգամավորի «ղարաբաղյան» հայտարարության մասին

16:16 • 03.07.18

ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի հայտարարությունները սպառնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր Սավելևի արած հայտարարությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարբեր քննարկումների առիթ են դարձել: Այդ կապակցությամբ դեսպանատունը մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել և դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես ստեղծված այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարևոր է դառնում»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ «հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և շփման գծում սադրանքները, ինչի հետևանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները»:

«Այդ հայտարարություններում ակնհայտ է դառնում նաև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հանձին երկրի բարձրագույն ղեկավարության ռուսական կողմի գործադրած երկար տարիների բազմակողմանի ջանքերի նկատմամբ արհամարհանքը»,- ասված է հայտարարությունում:

«Ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Կարծում ենք, որ դրա հետ կհամաձայնեն նաև ռուս խորհրդարանականները, մասնավորապես՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրենց հայտարարություններում մշտապես հանդես են եկել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման և պահպանման կարևորությունից ելնելով»,- նշված է տարածված հայտարարությունում:

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջաններ տա Ադրբեջանին»: