Բրիտանական ոստիկանությանը հաջողվել է գտնել Սկրիպալների գործով երկու կասկածյալի. The Sun
Շուրջ չորս ամիս տևած հետաքննությունից հետո բրիտանական ոստիկանությանը հաջողվել է գտնել ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման գործով երկու կասկածյալի, այս մասին գրում է The Sun թերթը՝ հղում անելով Սքոթլանդ Յարդի իրենց աղբյուրին։
Նշվում է, որ կասկածյալները լքել են Մեծ Բրիտանիայի տարածքը հանցանքի իրականացումից հետո 24 ժամվա ընթացքում, ոստիկանության տվյալներով՝ նրանք այժմ գտնվում են Ռուսաստանում։ Ըստ թերթի՝ ոստիկանությունը նման բացահայտումը գործում «մեծ առաջընթաց» է գնահատում։
«Վերջնական նպատակն այն է, որ նրանք կանգնեն դատարանի առաջ։ Իհարկե, եթե նրանք չեն գտնվում Բրիտանիայի տարածքում, ապա դա մի փոքր ավելի բարդ է դարձնում խնդիրը», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցը, ում անունը չի բացահայտվում։
Սքոթլանդ Յարդը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել տարածված տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Սկրիպալների առողջական վիճակի բարելավման մասին:










