Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորում ճանաչել. CNN

15:17 • 03.07.18

Սպիտակ տանը քննարկվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորում ճանաչելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումը դեռ չի կայացվել: Դրա կողմնակիցների և հակառակորդների շրջանում կան Դոնալդ Թրամփի վարչակազմի ազդեցիկ աշխատակիցներ:

Ինչպես հայտնել են աղբյուրները, պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է գալիս կորպուսն ահաբեկչական ճանաչելու օգտին:


Ահաբեկչական խմբավորում ճանաչելու որոշումը թույլ կտա Սպիտակ տանը սառեցնել կորպուսի ակտիվները, ճանապարհորդական արգելքներ սահմանել և քրեական պատիժներ նախատեսել:

Այնուամենայնիվ, գաղափարի հակառակորդները նախազգուշացնում են, որ պետական ռազմական ուժը, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նման ազդեցիկ ուժը, ահաբեկչական խմբավորում ճանաչելն աննախադեպ քայլ կլինի և լրացուցիչ վտանգի կենթարկի ԱՄՆ դիվանագիտական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներին: