Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների լաստանավ է խորտակվել, ավելի քան 60 մարդ կորած է համարվում

13:01 • 03.07.18

Միջերկրական ծովում խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ, ավելի քան 60 մարդ կորած է համարվում, գրում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ ռետինե լաստանավը, որում գտնվել է 104 ներգաղթյալ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։

Հայտնի է նաև, որ առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 276 մարդու երեք լաստանավից, 41 ներգաղթյալ փրկվել է խորտակված լաստանավից։ Մահացածների քաղաքացիությունը չի հստակեցվում, սակայն հայտնի է, որ նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիբիայի ափերի մոտ մահացել էր շուրջ 120 անօրինական ներգաղթյալ, նրանք ուղևորվում էին Եվրոպա։

Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) վերջին տվյալներով՝ 2018 թվականի սկզբից մինչև հունիսի 20-ը ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել շուրջ 41.000 մարդ, 960 ներգաղթյալ մահացել է ծովի ջրերում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ծովով Եվրոպա էր հասել մոտ 85.000 մարդ, 2.133 ներգաղթյալ մահացել է։