Հրահանգ կա՝ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի. ՊեԿ նախագահ
Կա հրահանգ, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և այնուամենայնիվ այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք, դաշտը մաքրենք, նորերին բերենք»,-ասաց նա և նշեց, որ եթե չեն հասկացել աշխատակիցները, կարող են կոշտ ձևով հասկացնել:
«Այս գործընթացը շարունակական գործընթաց է, եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևեր էլ տեսնեք, այդպես չի լինում: Սա այն համակարգն է, որ անընդհատ պետք է ինքնամաքրմամբ զբաղվի»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ այս կամ այն կադրային նշանակումը սխալ կարող է լինել, ոչ ոք ապահովագրված չէ սխալներից:
Ինչ վերաբերում է իր խոստացած՝ յուրացումների ցանկի հրապարակմանը, Դավիթ Անանյանն ասաց, որ իրենք, քննիչները, կոլեգաները ասացին, որ քննչական և հետաքննչական գործողությունների շրջանակում որևէ տեղեկատվություն հրապարակելը կարող է վնասել գործին: Հարցին, թե ինչու է նախկինում տվել անուններ, նա ասաց՝ սխալվել է և կոչ արեց սպասել հրապարակումներին:
Անդրադառնալով կադրային քաղաքականության նկատմամբ դժգոհությանը՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Կարևորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է, թե մենք մեր որոշումների գերի՞ն ենք մնում, թե ոչ: Եթե մենք որոշում ենք ընդունել և տեսնում ենք, որ մեր որոշումներում որոշակի առումով վերապահումներ կան, մենք հակառակ որոշումներն ենք ընդունում և գնում ենք առաջ: Եթե Ձեզ թվում է, որ իմ անելիքը առավոտից իրիկուն դարդ դանելն է, թե ինչ կադր նշանակեցի, դրանում չէ իմ անելիքը»,-ասաց նա և կոչ արեց գնահատել իրենց աշխատանքը, այլ ոչ թե այն՝ լա՞վ, թե վատ կադրային քաղաքականություն են իրականացնում:










