Ա. Գրիգորյանի և Ջ. Բոլթոնի միջև առանձին հանդիպման կամ ընթրիքի թեմա ամերիկյան կողմի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակն արձագանքում է մամուլի հրապարակումներին
ՀՀ ԱԽ քարտուղարի և ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի միջև առանձին հանդիպման կամ ընթրիքի թեմա ամերիկյան կողմի հետ չի քննարկվել, և նման բան չի հայցվել։
Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով մամուլում եղած հրապարակմանը, ըստ որի, ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մերժել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ընթրիքի հրավերը:
«Այցի ընթացքում տեղ գտած հանդիպումների քանակը և ձևաչափը որոշված է եղել նախապես»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ (պետք է լինի՝ քարտուղարի-Tert.am) Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել:
Ըստ թերթի՝ ճիշտ է, Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ (պետք է լինի՝ ԱԽ-Tert.am), սակայն քարտուղարի հետ տետատետ հանդիպում չկայացավ: Հանդիպել են մի կողմից Բոլթոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները, ԱԽ քարտուղարը:
«Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել: ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»,- գրել է թերթը:










