Թուրքիայում համշենահայ քաղաքական գործիչը կպայքարի Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի ղեկավարի պաշտոնի համար

17:39 • 30.10.18

Թուրքիայում համշենահայ քաղաքական գործիչ Մերվե Օզթոփալօղլուն հայտնել է սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իր մասնակցության մասին: Հայտնի է, որ Օզթոփալօղլուն կառաջադրվի որպես Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Բեշիկթաշ շրջանի ղեկավարի թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Օզթոփալօղլուն իր թեկնածությունը կառաջադրի Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունից, որի անդամ էլ հանդիսանում է:

Ի դեպ, նույն կուսակցությունն ունի հայազգի այլ անդամներ ևս, նրանցից Սելինա Դողանը 2015-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մեջլիսի պատգամավոր էր ընտրվել Ստամբուլից:

Թուրքիայում առաջիկա ՏԻՄ ընտրությունները կկայանան 2019 թվականի մարտին: Քաղաքական ուժերն ու անկախ թեկնածուներն արդեն սկսել են համապատասխան նախապատրաստական աշխատանքները: